Արմինֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաջորդ շաբաթ կայցելի Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին: Այդ մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ՀՀՀ "Լուրեր" ծրագրին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ռուսաստանի կողմից ՀՀ-ին զենքի վաճառքի հարցը քննարկվել է ՌԴ կատարած իր վերջին այցի ընթացքում:
Նա նշել է, որ այդ հարցը չի բարձրացվել, քանի որ ռուս գործընկերոջ հետ երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն եղել: "Եթե Մինսկում երկկողմ հանդիպումներ լինեն, մենք կքննարկենք երկկողմ օրակարգի հարցերը։ Բայց, հաշվի առնելով այն իրողությունը, որն այժմ գոյություն ունի՝ պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, և այդ պատերազմը սպասարկելու հնարավորությունները, և, հաշվի առնելով, որ հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որ նաև արտահանում իրականացնեն, այդ հարցի լուծումը մենք տեսնում ենք այլ ռեսուրսների որոնման մեջ։ Մենք գնացինք այդ ճանապարհով։ Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ մենք բանակցում ենք զենք գնելու շուրջ, նրանցից մի քանիսի հետ մենք արդեն արդյունք ունենք, իսկ մի քանիսի հետ բանակցությունները դեռ շարունակվում են", - ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով, այսինքն, այնպես չէ, որ Հայաստանն այլընտրանք չի փնտրում, եթե ծագել է խնդիր, Հայաստանն այլընտրանքային լուծումներ է փնտրում՝ մինչև ՀՀ-ՌԴ սպառազինության մատակարարման հարցը լուծվի:
Միաժամանակ, անդրադառնալով ճշգրտող հարցին, թե ինչ հարցեր է լուծում Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Գրիգորյանը փաստել է, որ նախկինում այդ անդամակցությունը որոշակի սահմանափակումներ էր ստեղծում անվտանգության հարցով այլ գործընկերների հետ փոխգործակցելիս: "Այս պահին մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մեծ հաշվով, չի սահմանափակում մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, թեև որոշակի խնդիրներ է ստեղծում։ Մենք նաև ինտենսիվ համագործակցում ենք մեր արևմտյան գործընկերների հետ՝ մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար, և մենք շարունակելու ենք այդ աշխատանքները", - ասել է նա, հավելելով, որ դժվար է ասել, թե ինչ հարցեր է լուծում ՀՀ անդամակցությունն այդ ռազմական միությանը, քանի որ 2020 թվից հետո եղել են երեք լայնամասշտաբ ոտնձգություններ ինքնիշխանության դեմ, և ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչ մի աջակցություն չի ցուցաբերել։
Նրա խոսքով, միայն այն բանից հետո, երբ Հայաստանն այլընտրանքային աջակցություն գտավ արևմուտքում՝ ի դեմս ԵՄ դիտորդական առաքելության, ՀԱՊԿ-ն էլ առաջարկել է աջակցություն։ Գրիգորյանը Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու անլուրջ է համարել ՀԱՊԿ-ի առաջարկը։
Նա նաև խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանն այլ ռազմական դաշինքի վերաբերյալ առաջարկ ունի, նշելով, որ անվտանգության ապահովման առանցքային գործոններից մեկը սեփական կարողությունների ամրապնդումն է, ինչի ուղղությամբ այսօր Երևանն ակտիվորեն աշխատում է: Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանն այժմ անվտանգության ոլորտում այլընտրանքային միջազգային կազմակերպություններ չի փնտրում և կարևորում է սեփական անվտանգության ամրապնդումը, այդ թվում ՝ խաղաղության օրակարգի առաջ մղման ճանապարհով: "Մենք նաև տեսնում ենք մեր անվտանգության ամրապնդումը երկկողմ ձևաչափերում։ Ինտենսիվորեն զարգանում են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, Հայաստանի և ԵՄ մի շարք երկրների միջեւ, Հնդկաստանի հետ, հարևան երկրների հետ բազմաշերտ հարաբերություններ ", - ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը: