Արմինֆո. Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ կայացած հնգակողմ հանդիպմանը կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության և անվտանգության երաշխիքների մեխանիզմի ներդրումը: Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 2-ին։ Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ հաջորդ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 21-ին Բրյուսելում:
Ինչպես ասվում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, "եվրոպական առաջնորդները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները, մասնավորապես, որքան հնարավոր է շուտ ազատ արձակել ռազմագերիներին: Նրանք նաև կարևորել են Եվրամիության դիտորդական առաքելությունը՝ ի նպաստ Հայաստանի>: Նշվում է, որ "կողմերը նաեւ ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ներդրման կարեւորությունը":