Արմինֆո.Այսօր ԱՊՀ երկրների համար առանցքային սպառնալիքներից մեկը տեղեկատվական-հոգեբանական ներգործությունն է։ Ըստ ԲԵԼՏԱ-ի՝ այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52 - րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
"Այսօրվա դրությամբ առանցքային սպառնալիքներից մեկը տեղեկատվական-հոգեբանական ներգործությունն է, ակնհայտ ստահոդ, կեղծ տեղեկատվության տարածումը։ Նման գործողությունների նպատակը միջազգային ասպարեզում մեր պետությունների հեղինակության խաթարումն է", - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հավելելով, որ Արեւմուտքի փաստացի տեղեկատվական մենաշնորհը, մասնավորապես, համացանցի, հիմնական սոցիալական ցանցերի եւ միջազգային ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունը, միայն նպաստում են դրան:
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ ԱՊՀ - ի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը գնալով սրվում է, և այն ավելի է սրվելու: "Մենք պետք է հասկանանք, որ մեզ՝ Ռուսաստանին, Բելառուսին, կենտրոնասիական պետություններին շրջապատող խոշոր խաղացողները կամաց - կամաց փորձում են մեզ սասանել։ Մենք դա չպետք է թույլ տանք։ Մենք տեսնում ենք ՆԱՏՕ դաշինքի երկրների աճող ռազմականացում եւ զորքերի աննախադեպ կենտրոնացում մեր ընդհանուր տարածքի մոտ, հակամարտությունների հրահրում", - նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Իր հերթին՝ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, նշել է, որ ԱՊՀ երկրների համար կարեւոր է միավորել ջանքերը ագրեսիվ արտաքին ճնշմանը հակազդեցության գործում: "Հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ղեկավարները հավաքվել են քննարկելու այս նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համատեղ միջոցառումները։ Հուսով եմ, որ այսօրվա նիստում, որտեղ կքննարկվեն ահաբեկչությանը հակազդելու և մեր ինքնիշխանության դեմ ոտնձգության հետ կապված բազմաթիվ հարցեր, կընդունվեն որոշումներ, որոնք կնպաստեն մեր անվտանգության ամրապնդմանը", - ասել է Լեբեդևը։
Հիշեցնենք, որ Մինսկում ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին մասնակցում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: