Արմինֆո. 2021-2022թթ. կատարվել է 10 ծառայողական քննություն, որոնց արդյունքում ոստիկանության 10 աշխատակցի ազատել են աշխատանքից՝ թմրամիջոց գործածելու համար: Այդ մասին հունիսի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ 2022-2023թթ., նրա հավաստմամբ, նման փաստի առնչությամբ արդեն իսկ նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
"Փորձը ցույց է տալիս, որ եթե ուզում ենք ունենալ ոստիկանի կերպար, որը կարող է պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին, պետք է սահմանել հստակ չափանիշներ ", - ասել է փոխնախարարը: Այդ առնչությամբ Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանների ատեստավորման շնորհիվ ոստիկանության ողջ համակարգը կհաջողվի անցկացնել զտիչի միջով, ինչը թույլ կտա ծառայության մեջ թողնել իրապես պրոֆեսիոնալ կերպով իրենց պարտականությունները կատարող մարդկանց:
Ընդ որում, փոխնախարարը նշել է, որ վերջիններիս աշխատանքը պետք է պատշաճ գնահատվի։ Մասնավորապես, եթե ոստիկանը գերազանց ատեստավորվի, աշխատավարձը կբարձրանա 100% - ով, լավ անցնելու դեպքում՝ 75% - ով, բավարարի դեպքում՝ 50% - ով։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի հերթական նիստում սահմանել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և հավելավճարների չափը: Ատեստավորումը ներառում է 3 փուլ. առաջին փուլում՝ ոստիկանության ծառայողների զարգացման ընդհանուր մակարդակի ստուգում, երկրորդ փուլում ՝ մարտական և ֆիզիկական պատրաստականության ստուգում, իսկ երրորդ փուլում ՝ մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգում: Մարդկային գործոնը բացառելու նպատակով ատեստավորումն անցկացվելու է էլեկտրոնային հարթակում: Բացի այդ, ոստիկանի թեստավորումը չի թույլատրվի, եթե չանցնի օրգանիզմում թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ու դրանց մետաբոլիտների առկայության թեստավորումը: