Արմինֆո. Կառավարության հունիսի 1-ի նիստում գործադիրը հավանություն է տվել 2023 թ. մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, նոր hամաձայնագրով ընդլայնվում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։ Այն կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։ Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր ռուսական արտադրության 1200 Մվտ հզորությամբ ՏՈԻ միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի մասին: Մինչդեռ, Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Եվրասիայի մի քանի երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում, "փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ" կառուցելու հնարավորությունը: Նախագծի նպատակն է ամրապնդել այդ պետությունների էներգետիկ անկախությունն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից։ Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը տարբերակները դիտարկում է տնտեսական արդյունավետության տեսանկյունից: Փոքր մոդուլային միջուկային ռեակտորների առանձնահատկությունն այն է, որ, ինչպես պարզաբանել Է վարչապետը, կարելի է կառուցել 70 մեգավատ հզորությամբ մի քանի մոդուլ եւ, անհրաժեշտության դեպքում, հզորություններ ավելացնել։ "Մնացած առաջարկները մեզ համար մի փոքր խնդրահարույց են, քանի որ առաջարկվում է 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտորի կառուցում։ Մեր մասնագետները խոսում են մեր էներգետիկ համակարգի համար նման ծավալների «կլանման» խնդրահարույց լինելու մասին", - պարզաբանել է նա։