Արմինֆո.Օրեր առաջ Բերձորում, բավականին ագրեսիվ ու լկտի բառապաշարով, Ադրբեջանի նախագահը սպառնաց արցախցիներին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Վերջինս բացի նրանից, որ պահանջեց լուծարել պետական կառավարման համակարգը և բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրաժարականը պահանջեց, նաև սպառնաց, որ հակառակ դեպքում կանցնի կոշտ միջոցների:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքելով Ալիևի հայտարարությանը ոչ թե անդրադարձել է արցախցիների ֆիզիկական գոյության սպառնալիքներին կամ հարցերը ուժի կիրառման միջոցով լուծելու վերաբերյալ ռիսկերին, այլ ողջունել Ալիևի պատրաստակամությունը` համաներում հայտարարելու Արցախի իշխանություններին:
Հասկանալի է, որ փաշինյանական խմբակի մտադրությունը` հանձնել Արցախն Ադրբեջանին, Արցախի հարցով գործընթացում բարդագույն վիճակ է ստեղծել, սակայն այն, որ Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան ու դրական լույսի ներքո արձագանքում ադրբեջանական թաքնված շանտաժին, բացարձական անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով», - ընդգծել է Աբրահամյանը: