Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են: «Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից» հետո ժողովրդավարությունը դարձել է Հայաստանի հիմնական բրենդը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 31-ին Երեւանում Ժողովրդավարության հայկական ֆորումի բացման ժամանակ:
Վարչապետի կարծիքով, Հայաստանի Հանրապետությունն այդ ազատությունների արդյունքները վայելում է: «Եվ ես համարում եմ, որ այն տնտեսական բարձր աճը, որ մենք այսօր ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ և կառավարվող լիներ պետության կողմից, ես կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ և խորը պրոբլեմներ կունենայինք», - նշել է նա:
Ընդ որում, Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանն սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: «Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանն սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի: Բայց կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել թերևս այսօր Հայաստանում ամենախիտ և ամենաթանձր հարցին, որն առկա է հանրության շրջանում: Իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունը ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ, այո՛, ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առանցքային, հիմնական բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը և երկրորդը՝ խաղաղությունը», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: