Արմինֆո. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ժողովրդավարության ճանապարհով առաջ շարժվելու անսասան կամքի համար՝ ի հեճուկս անվտանգության ոլորտում առկա դժվարություններին: Այդ մասին դեսպանը հայտարարել Է մայիսի 31-ին Երեւանում "Հանուն ժողովրդավարության" համաժողովի բացմանը։
"Դրանով իսկ Հայաստանը դառնում է տարածաշրջանի լուսավոր կետը, ինչի մասին վկայում է Freedom House-ի "Անցումային շրջանի երկրներ" զեկույցը, որը հրապարակվել է անցյալ շաբաթ: ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է այդ գործում՝ ավելի բաց, հաշվետու եւ անվտանգ ապագայի ճանապարհին", - ասել է դիվանագետը։
Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները հատուկ նշանակություն է տալիս մարդու իրավունքների պաշտպանությանը: "Անչափ հպարտ եմ Հայաստանում համատեղ աշխատանքով, որն ուղղված է մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությանը և ամեն տեսակ խտրականության դեմ պայքարին", - նշել է նա:
ԱՄՆ-ն աջակցում է նաև իրավունքի գերակայությանը, խոսքի ազատությանը և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՀՀ ջանքերին, ինչը կնպաստի ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ մարդկանց հավատի ամրապնդմանը: "Համատեղ ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել մարտահրավերները, կառուցել ապագա, որտեղ ազատությունը, արդարությունն ու ժողովրդավարությունն առաջնային կլինեն", - եզրափակել է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Նշենք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության "Անցումային շրջանի երկրներ 2023" ժողովրդավարության վարկանիշում։ ՀՀ-ն զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը՝ մեկ հորիզոնականով բարելավելով իր ցուցանիշները և տեղավորվելով հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքում: Հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների թվում է նաև Հայաստանի հարևան Վրաստանը, որը գտնվում է 34-րդ հորիզոնականում ՝ իր ցուցանիշները վատացնելով մեկ հորիզոնականով: Հայաստանի մյուս հարևանը ՝ Ադրբեջանը, զբաղեցնում է առաջին հորիզոնականը և դասվում է համախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների շարքին։ Հայաստանի մյուս երկու հարեւանների՝ Իրանի եւ Թուրքիայի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում։ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը երկրորդ հորիզոնականում է՝ համալրելով նաև համախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների ցանկը։ Զեկույցի ամփոփագրում նշվում է, որ Ուկրաինան (39-րդ հորիզոնական), Մոլդովան (36-րդ հորիզոնական) և Հայաստանը վերջին տարիներին անշեղորեն կատարելագործել են իրենց ժողովրդավարական ինստիտուտները, ինչին նպաստել են քաղաքացիական ակտիվությունն ու ընտրությունները:
"Չնայած ավտորիտար ագրեսիաները սպառնում էին նրանց հիմնական անվտանգությանը, ժողովուրդը և նրա ազատ ընտրված առաջնորդները պայքարում էին կառավարման բարելավման համար ՝ տեղական ՀԿ - ների և մասնագետների հետ սերտ համագործակցության միջոցով", - ասվում է զեկույցում: