Արմինֆո. Երեւանի թարմացված ավտոբուսային պարկը թույլ կտա վերջնականապես հրաժեշտ տալ ԳԱԶ (ԳԱԶել) մակնիշի միկրոավտոբուսներին, որոնք դեռ երթեւեկում են մայրաքաղաքի ճանապարհներով: Այդ մասին հայտարարվել է մայիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Մասնավորապես, միկրոավտոբուսների փոխարինումը կիրականացվի փուլ առ փուլ՝ սկսած հունիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը։ Այդպիսով, արդեն սեպտեմբերի 1-ից Երևանի տրանսպորտային համակարգն ամբողջությամբ կթարմացվի, իսկ քաղաքացիները կկարողանան քաղաքում տեղաշարժվել ավելի հարմարավետ պայմաններում: Միաժամանակ, հայտարարվել է երթուղիների փոփոխության մասին։ Մասնավորապես, մինչեւ հունիսի 15-ը մայրաքաղաքում կգործարկվի նոր թիվ 32 ավտոբուսը (միավորված են թիվ 3 եւ թիվ 12 միկրոավտոբուսները), թիվ 13 միկրոավտոբուսի փոխարեն տրանսպորտային ցանց կմտնի թիվ 34 ավտոբուսը, թիվ 57 միկրոավտոբուսի փոխարեն՝ թիվ 51 ավտոբուսը, իսկ թիվ 63 եւ թիվ 34 միկրոավտոբուսները կմիավորվեն, դրանց երթուղիները կիրականացնի թիվ 52 ավտոբուսը:
Հուլիսի 1-ից թիվ 1 միկրոավտոբուսը կփոխարինվի թիվ 2 ավտոբուսով, թիվ 25 միկրոավտոբուսը՝ 37 ավտոբուսով: Թիվ 19 և թիվ 29 ԳԱԶելները կմիավորվեն՝ փոքր-ինչ փոխելով վերջիններիս երթուղին։ Այդ միկրոավտոբուսների փոխարեն գիծ դուրս կգա թիվ 36 ավտոբուսը, որը կշարժվի Գաջեգործների փողոցից դեպի Արագածի փողոց երթուղով:
Հուլիսի 15-ից թիվ 28 միկրոավտոբուսը կփոխարինվի թիվ 40 ավտոբուսով, որը նշված երթուղուց բացի ամբողջությամբ կսպասարկի նաեւ Չարենցի եւ Նար-Դոսի փողոցները: Թիվ 75ա ԳԱԶելի երթուղին կիրականացնի թիվ 68 ավտոբուսը, թիվ 114 միկրոավտոբուսինը՝ թիվ 25 ավտոբուսը:
Օգոստոսի 1-ից թիվ 33 միկրոավտոբուսը կփոխարինվի թիվ 43 ավտոբուսով՝ փոքր-ինչ փոխելով Կոմիտասի պողոտայով անցնող երթուղին: Թիվ 37 միկրոավտոբուսը կփոխարինվի թիվ 59 ավտոբուսով։
Օգոստոսի 15 - ից թիվ 42 ԳԱԶելի փոխարեն կերթեւեկի թիվ 50 ավտոբուսը, թիվ 72 ԳԱԶելի փոխարեն՝ թիվ 56 ավտոբուսը:
Բացի այդ, նշվել է, որ այս փուլում բանակցություններ են ընթանում «Յանդեքս» ընկերության հետ՝ Երեւանում հասարակական տրանսպորտի երթեւեկությանը հետեւող առցանց քարտեզների գործարկման շուրջ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ