Արմինֆո. Մայիսի 31-ից մինչեւ հունիսի 2-ը Հայաստանում կանցկացվեն Թուրքմենստանի մշակույթի օրեր: Այդ մասին հայտնում է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանատունը ։
Մշակույթի օրերի շրջանակում մայիսի 31-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա օրերի հանդիսավոր բացումը՝ Թուրքմենստանի մշակույթի և արվեստի վարպետների համերգ: Հունիսի 1-ին Շարամբեյանի անվան կիրառական արվեստի թանգարանում (Աբովյան 64) կանցկացվի Թուրքմենստանի դեկորատիվ - կիրառական արվեստի և թանգարանային արժեքների ցուցահանդես: Նույն օրը Երևանի Կինոյի տանը տեղի կունենա "Մահթումկուլի" գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը ՝ նվիրված մեծ բանաստեղծի, փիլիսոփայի, թուրքմենական գրականության դասականի կյանքին ու ստեղծագործությանը: Մահթումկուլիի ստեղծագործությանը նվիրված կլինեն նաև գիտաժողովն ու գրական ընթերցումները, որոնք տեղի կունենան հունիսի 2-ին Երևանի պետական համալսարանի հանդիսությունների դահլիճում:
Հունիսի 2-ի երեկոյան մշակույթի օրերի փակումը կնշանավորվի Թուրքմենստանի և Հայաստանի մշակույթի և արվեստի վարպետների համատեղ համերգով ՝ Արտաշատի Համո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում: