Արմինֆո. Նորաձևություն, ինքնություն և ճգնաժամ. ինչպես ենք մենք ստեղծում հագուստ, կրում այն և հոգ տանում հագուստի մասին: Այս հարցերին նվիրված կլինի նորաձևության տեսության և պատմության մասին միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա Երևանում՝ հունիսի 1-ին և 2-ին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են գիտաժողովի կազմակերպիչները, աշխարհի տարբեր երկրների առաջատար հետազոտողները կհավաքվեն Երեւանի պետական համալսարանում (Աբովյան, 52)՝ քննարկելու հագուստի եւ նրա հետ կապված պրակտիկաների դերը ճգնաժամի, դրամատիկ փոփոխությունների եւ հումանիտար աղետների ժամանակ: Նորաձեւության ուսումնասիրությունը տարբեր տեսությունների պրիզմայով՝ միջդիսցիպլինար գործիքակազմի օգտագործմամբ միջոց է հասկանալու ժամանակակից սոցիալական գործընթացների թաքնված կողմերը:
Նորաձևության մասին գիտության ապագաղութացումն ընդլայնել է դրա աշխարհագրությունը և թույլ տվել դիտարկել այն պրակտիկաները, որոնք նախկինում հազվադեպ էին հայտնվում հետազոտությունների տեսադաշտում: Ինչպե՞ս է «թեթեւամիտ» նորաձեւությունը դառնում ամենահզոր քաղաքակրթական ժեստ եւ ամենօրյա ստեղծագործության եւ դիմադրության ձեւ: Ի՞նչ գործառույթներ են կատարում հագուստի հետ մեր բազմազան հարաբերությունները, ներառյալ «հագնելը, ստեղծելը եւ խնամքը», ինքնության ձեւավորման գործընթացում:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան նորաձևության ճանաչված տեսաբաններ՝ հագուստի, տեքստիլի և նորաձևության բնագավառի պատմաբան և համադրող Հիլարի Դևիդսոնը; դիզայնի պատմաբան, «Գործավածքի մշակույթ» գրքի հեղինակ Ջո Թերնին; բանաստեղծ, գրող, թարգմանիչ, մարքեթոլոգ, նորաձևության տեսաբան Լինոր Գորալիկը; խորհրդային, ռուս բանասեր, նորաձևության պատմաբան, մշակույթի պատմաբան Օլգա Վայնշտեյնը: