Արմինֆո.Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքներին։
Ինչպես հայտնի է դարձել Մինսկում մեկնարկած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի տեսանյութերից, միջոցառմանը Հայաստանը ներկայացնում է Կազմակերպության միացյալ շտաբում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը: Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Նիստի մեկնարկից առաջ համատեղ լուսանկարվել են, իսկ մինչ այդ Հաղթանակի հրապարակում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված զինվորների հիշատակին և ծաղիկներ խոնարհել Հաղթանակի հուշարձանի անմար կրակի մոտ:
Նիստի մասնակիցներն այսօր Մինսկում կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող և այլ փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: