Արմինֆո.Վաշինգտոնն աջակցում է Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններին։ Այդ մասին մայիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։
"Մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական հաստատուն լուծման հասնելու համար, որը, մեր կարծիքով, միանգամայն իրագործելի է, եթե երկու կողմերն էլ կարողանան համաձայնության գալ իրենց տարաձայնությունները հաղթահարելու համար։ Եվ մենք աջակցում ենք այդ բանակցությունների անցկացմանը՝ լինի դա Վաշինգտոնում, ինչպես դա եղավ անցյալ ամիս, Բրյուսելում, ինչպես դա եղավ մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած վայրում։ Կարևորն այն է, որ այդ երկու կողմերը շարունակում են շփվել միմյանց հետ", - ասել Է Միլլերը։
Նա նաև չի պատասխանել այն հարցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն գտնվում է Հարավային Կովկասում, նշելով, որ այդ մասին իրեն ոչինչ հայտնի չէ, բացի այն բանից, որ ԱՄՆ-ն շարունակում է մասնակցել քննարկումներին: "Մենք ողջունում ենք հաղորդումներն այն մասին, որ կողմերն իրենք են շարունակում բանակցությունները։ Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը, ինչպես անցյալ շաբաթ պետքարտուղար Բլինքենը հստակ հայտարարեց, որ խաղաղությունը մոտ է, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է: Եվ մենք կշարունակենք աջակցել կողմերին այդ նախաձեռնությունում, այդ թվում՝ նրանց հետ անմիջական փոխգործակցության միջոցով", - ամփոփել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։