Արմինֆո.ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն առաջարկել է խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում առավել վիճահարույց հարցերի լուծման ուղիներ: Այդ մասին մայիսի 23-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում ելույթի ժամանակ։
Նա հաղորդել է, որ երկու երկրների միջև բանակցություններում դրական տեղաշարժեր կան։ "Մայիսի սկզբին պետքարտուղարն ընդունել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներին, որպեսզի մշակեն ամենավիճահարույց հարցերից մի քանիսը, ներառյալ, օրինակ, սահմանի շրջանում զորքերի հետ քաշումը, համաձայնագրում վեճերի լուծման մեխանիզմը, որին հասնելուն մենք փորձում ենք օգնել, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Սրանք այն հարցերից են, որոնք մենք մշակում ենք", - ասել է նա։
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը մայիսի 1-ին Վաշինգտոնում բանակցություններ են վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ:
Հոգանը կարծում է, որ այդ հանդիպմանը "երկու կողմերի միջև ինտենսիվ դիվանագիտական փոխգործակցություն է եղել": Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք կարող են օգնել հաղթահարել առկա տարաձայնությունները:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 1-ին Քիշնևում կհանդիպեն Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ:
Հոգանը նշել է, որ այս հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու այն, թե ինչ է պետք անել, որպեսզի գործն ավարտին հասցվի: Խոսք կգնա նաեւ Լաչինի միջանցքի խնդրի լուծման մասին, հաղորդել է «ԻԶ.ռու»-ն:
Մայիսի 19-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դրական է որակել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի դինամիկան: Այս մասին նա ասել է Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
Մեկ օր առաջ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ էր երկրների միջև խաղաղության հաստատման ճանապարհին: Ինչպես նա հաղորդել է, Երևանն ընդունել է մայիսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու Մոսկվայի առաջարկը:
Մինչ այդ՝ մայիսի 13-ին, Փաշինյանը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Քաղաքական գործիչները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում հումանիտար իրավիճակի շուրջ: Մասնավորապես, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Մայիսի 2-ին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական կողմը ողջունում է ցանկացած օգնություն Երևանի և Բաքվի միջև լարվածության կարգավորմանը՝ երկկողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են 2020 թվականի աշնանը Ռուսաստանի մասնակցությամբ: