Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 24-ին անցկացրեց «Անվտանգության օր» ամենամյա ակցիան: Ակցիայի նպատակն է ավտոսիրողների ուշադրությունը հրավիրել երկաթուղու ենթակառուցվածքներում անվտանգ երթևեկության խնդիրների վրա:
Ընկերության հաղորդագրության համաձայն, ակցիան կազմակերպել է ՀԿԵ-ն՝ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավապահ մարմինների հետ համատեղ։ Ավտովարորդներին տրվել են երկաթուղային գծերի անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ։ Ակցիան անցկացվել է երկաթուղու ողջ ենթակառուցվածքում, ամենաինտենսիվ երթևեկությամբ գծանցներում։
«ՀԿԵ» ՓԲԸ ենթակառուցվածքներում գործում է երկաթուղային գծանցներով 103 անցում, որից 37 – ը ՝ կարգավորվող (այսինքն՝ գծանցներում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն կամ գծանցները հագեցված են ազդանշանային միջոցներով) և 73 – ը ՝ չկարգավորվող:
2022 թվականին երկաթուղում արձանագրվել է 12 ճանապարհատրանսպորտային պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։ 2021 թվականի համեմատությամբ միջադեպերի թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն բոլոր դեպքերում վարորդները անտեսում են երկաթուղային գծերը հատելու կանոնները։
Անցած 15 տարիների ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ-ում զգալիորեն աճել են գնացքների երթևեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը և քաշը: Ներկայումս ուղևորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ / ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչեւ 4500 տոննա քաշով: Նման պարամետրերով գնացքների արգելակման հեռավորությունը գերազանցում է 500 մետրը, ինչը նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը հատելիս երթևեկության կանոնների խախտումները պարունակում են լրջագույն սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել ամենածանր հետևանքների:
Այնուամենայնիվ, մեր որոշ համաքաղաքացիներ չեն մտածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքների կամ անուշադրության պատճառով ճանապարհային իրավիճակի գնահատման սխալների մասին և շարունակում են անփույթ վերաբերվել երկաթուղային ճանապարհի կանոնների պահպանմանը: Նման անփութության գինը մարդկային կյանքն ու առողջությունն է:
«2023 թվականի սկիզբը նշանավորվեց երկաթուղային ենթակառուցվածքում վթարների թվի աճով։ Այս տարի տեղի է ունեցել 5 ՃՏՊ, ինչպես նախորդ տարիներին, բոլորը եղել են վարորդների մեղքով։ Հարկ է նշել ՃՏՊ-ի հետևանքների ծանրության աստիճանը։ Որպես օրինակ՝ կարգավորվող անցումում մարդատար էլեկտրագնացքի և բեռնված ավտոմեքենայի մասնակցությամբ կատարված և, երջանիկ պատահականությամբ, առանց մահվան ելքով ավարտված վերջին միջադեպի վնասը կազմել է մի քանի միլիոն դրամ։ ՀԿԵ-ի հետևողական աշխատանքը չարտոնված անցումները վերացնելու ուղղությամբ, ցավոք, շոշափելի արդյունք չի տալիս, և նման անցումների շահագործումն անխուսափելիորեն կհանգեցնի ՃՏՊ-ների: Երկաթուղային շարժակազմի և ավտոմեքենայի քաշի անհամեմատելիությունը անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ հետևանքների, առաջին հերթին հենց ավտոմոբիլային տրանսպորտի և ավտոմեքենաների ուղևորների համար», – նշում է ՀԿԵ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերստուգող Սերգեյ Հարությունյանը:
Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս չգալ երկաթուղային գծեր և զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում: