
67-ամյա Ժասմին Ղազարյանն իր 80-ամյա տալի, հարսի և երեք թոռների հետ ապրում է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, կավե հյուղակում: Տանը հարում է աղյուսե, հիմնական, բայց անավարտ շինությունը, Ղազարյանները փորձում են վթարային տունը փրկել փլուզումից, միաժամանակ ընդլայնելով այն:
Մոտ երկու տարի առաջ էր, որ գյուղում խմելու ջուր հայտնվեց: Ճիշտ է, Նոյակերտի գլխավոր փողոցի ընդամենը մի քանի ծորակներից, և այդտեղից այն կրում են դույլերով: Իսկ մինչ այդ նոյակերտցիները «բերովի» ջուր էին գնում, բաքերից: Ոռոգման ջուրը Ղազարյանները վերցնում են ջրհորից, հատուկ պոմպի միջոցով: Ճիշտ է, կա նաև գազ, որը միացրել են 7 տարի առաջ: Իսկ մինչ այդ գյուղացիներն իրենց տները տաքացնում էին փայտով կամ չորացրած աթարով...
«Ես ծնվել եմ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղում: Հիասքանչ բնությամբ զարդարված այդ վայրում է անցել իմ մանկությունը, կյանքի լավագույն տարիները: Չնայած այդքան տարիներ են անցել, բայց մինչև օրս հայրենի վայրերը տեսում եմ երազումս»,-պատմում է կինը:
Ամուսնանալուց հետո Ժասմինը տեղափոխվում է ամուսնու տուն, Միր-Բաշիրի շրջանի Բիգյումսարում գյուղ (ներկայումս Ադրբեջանի Տերտերի մարզ.-խմբ.): Դա շրջանի միակ հայկական գյուղն էր, որտեղ ադրբեջանցիներ չէին ապրում: Նրա ամուսինը՝ Կոլյա Ղազարյանը վարորդ էր, Ժասմինը բամբակ էր աճեցնում, ընտանիքն ուներ նաև անասուններ:
«Մի խոսքով, վատ չէինք ապրում, խաղաղ: Միմյանց հյուր էինք գնում, օգնում իրար, երբեք տարբերություն չէինք դնում հայի կամ ադրբեջանցու միջև: Թշնամիներ դարձանք միայն 1988 թվականից հետո: 1989 թվականին Նոյակերտցի ադրբեջանական մի ընտանիքի հետ պայմանավորվեցինք և տները փոխանակելով տեղափոխվեցինք այստեղ: Իհարկե, իրերի մեծ մասը չհաջողվեց հետներս բերել»...
Իր գույքի մեծ մասի կորուստը կինը բացատրում է նրանով, որ իրենց ընտանիքը գրեթե վերջինը լքեց գյուղը: Այդ օրերին նա իր հիվանդ ամուսնու հետ արդեն Երևանում էր: Իսկ հարևան գյուղի ադրբեջանցիներն իրենց տունը, պարզապես, թալանել էին, սկեսուրի ու տալի ներկայությամբ: Բայց, Ժասմինը չի բողոքում, կարևորը՝ կենդանի են մնացել: «Իհարկե, մեր հարևան ադրբեջանցիները համոզում էին չհեռանալ, ասում էին, որ ամեն ինչ կանցնի, օգնություն էին առաջարկում: Բայց, դա արդեն անհնար էր»...
Ցույց տալով պատի ճաքերը, կինը հիշում է Ադրբեջանում իր լքած քարե գեղեցիկ տունը, որը սրա նման կիսաքանդ չէր: «Մեր երկարամյա աշխատանքի շնորհիվ է, որ այս շինությունն արդեն սկսել է բնակարանի տեսք ստանալ, իսկ մինչ գոմ էր հիշեցնում»,-պատմում է Ժասմին Ղազարյանը:
«Տեղափոխվելուց հետո մեր կյանքը Հայաստանում բավականին հաջող դասավորվեց: Մեզ լավ ընդունեցին: Պատկերացնում եք, ես հիվանդ ամուսնուս հիվանդանոցում պահեցի մոտ կես տարի, և չէի զգում այն դժվարությունները, որոնք հիմա եմ զգում: Անգամ այն ժամանակ մենք փող ունեինք, ամեն ինչ ունեինք: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց 1991 թվականից հետո»...
Նախկինում կինն աշխատում էր բոստանում, աճեցնում մրգեր և բանջարեղեն, անասուններ էր պահում: 15 տարի դաստիարակչուհի է աշխատել մանկապարտեզում, հետո - դպրոցի պահակ: Դրանով էլ ապրում էին, ու վատ չէին ապրում: Իսկ հիմա տարեց Ժասմինը տառապում է շաքարախտով, արյան բարձր ճնշումով, արդեն ի վիճակի չէ աշխատել մանկապարտեզում: «Իսկ թոշակառուներին աշխատանքի չեն վեցնում՝ անգամ որպես հավաքարար»...
«Նախկինում, ամեն գարնանը, ես էի ծառերի ճյուղերը կտրատում: Այս տարի ուզում եմ մարդ վարձել: Քիչ առաջ հարևանին խնդրեցի, որ վճարի մեր հողատարածքի վարձակալության դիմաց: Արդեն մի քանի տարի է, ինչ մեր հողատարածքը գտնվում է նրանց տիրապետության ներքո»,-Ժասմին Ղազարյանը ցույց է տալիս հարևան տունը:
Ղազարյանների խնայողությունները կորան Խնայբանկում, բազմամյա աշխատանքի արդյունքը: Կինը չգիտի, թե ում ձեռքում դրանք հայտնվեցին: «Այսօր ավանդների մի մասը, վերադարձնում են, ինչ-որ կոպեկներ, մինչև 1929 թվականը ծնվածներին: Իսկ ինչքա՞ն պետք է դեռ ապրի իմ տալը, որպեսզի այդ փողերն ստանա»,-ձեռքերն է թափահարում կինը: Իսկ ամբողջ կյանքը բամբակի դաշտերում աշխատած 80-ամյա Մարուսյա Ղազարյանը պատրաստ է «այսպես, չքավորի նման այնքան ապրել, որքան կպահանջվի», միայն թե իր կենսաթոշակով կարողանա օգնել մեծացնելու եղբորորդու երեխաներին:
Ժասմին Ղազարյանի որդու, Արթուրի գործերն այնքան էլ լավ չեն: Գյուղում աշխատանք չկա, դրա համար էլ վաստակելու նպատակով մեկնել է Ռուսաստան: Արդեն մեկուկես տարի է, որ այնտեղ է, բայց ընտանիքին փող չի ուղարկում: «Հարսս ոչ մի տեղ չի աշխատում: Ես, ամուսնուս քույրը և երեք երեխաներն ապրում ենք մեր կենսաթոշակներով: Իմ կենսաթոշակը կազմում է 48 հազար դրամ: Այն ամբողջությամբ ծախսվում է կոմունալ վճարների ու հացի վրա: Իսկ երեխաները դպրոց են հաճախում, լավ էլ սովորում են, չէ՞ որ նրանց հագցնել է պետք, օգնել զարգանալ»,-պատմում է կինը:
Ժասմինի ամուսինը՝ Կոլյա Ղազարյանը, նրա խոսքերով, մինչև վերջ կախման մեջ էր հայրենիքից: Նա չէր ուզում հեռանալ և մյուս տղամարդկանց հետ պատրաստվում էր պաշտպանել գյուղը: Իսկ երբ գիտակցեց հեռանալու անհրաժեշտությունը, սրտի կաթված տեղի ունեցավ: «Այն ժամանակ ես շատ էի վախենում նրան թողնել ադրբեջանական հիվանդանոցում, դրա համար էլ տեղափոխեցի Երևան, որտեղ նրան ոտքի կանգեցրեց հրաշալի բժիշկ Օֆելյա Վասիլյևնան: Նա ամեն ինչ արեց, որպեսզի մենք՝ փախստականներս բուժման դիմաց ոչ մի կոպեկ չվճարենք: Ո՞վ կարող էր սպասել, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ամուսինս երկրորդ կաթվածը կստանա»,-պատմում է կինը:
Դեռ մինչև ամուսնուս մահը, 1991-ին, Հայաստան տեղափոխվելուց անմիջապես հետո, մահացավ սկեսուրս: «Բայց նա գոնե ծեր տարիքում էր: Իսկ ամուսիս՝ ընդամենը 50 տարեկան էր: Ես Կոլյային կորցրի, որովհետև նա կորցրեց հայրենիքը: Նա պարզապես չկարողացավ ապրել առանց հայրական տան»,-համոզված է Ժասմին Ղազարյանը:
Չնայած բոլոր թշվառություններին, կինը շարունակում է հույսը դնել լավ ապագայի վրա, ինչը, նրա պատկերացմամբ, կապված է որդու և հարսի համար նորմալ աշխատանք գտնելու հետ: «Հուսով եմ, որ նրանք գոնե երեխաներին կկարողանան պահել: Գլխավորը նա է, որ մեր երեխաները կուշտ լինեն ու ոտաբոբիկ չլինեն: Ինձ ոչինչ հարկավոր չէ, արդեն վաղուց: Ամեն անգամ, երբ կտրուկ բարձրանում է ճնշումս, միայն երեխաների մասին եմ մտածում, այն մասին, թե ինչ է լինելու նրանց հետ, եթե ես չլինեմ, և մենք կզրկվենք նույնիսկ կենսաթոշակից»,-արդեն դռների մեջ ասում է տարեց կինը:
Ծանոթություն. Նյութը պատրաստվել է International Alert-ի աջակցությամբ EPNK «Չլսված ձայներ» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Բովանդակությունը հանդիսանում է լրագրողների պարտավորությունը և անպայման չէ, որ արտացոլի կազմակերպության, International Alert-ի, ЕPNK-ի և մեր դոնորների տեսակետները: