Արմինֆո. Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհը դառնալ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանչնալու փորձերին: Այդ մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայտարարությունում:
«Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանութիւններով ու յարակից կառոյցներով ու միութիւններով, իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի յայտարարութեան` մերժելով Արցախի Հանրապետութիւնը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան մաս նկատելու որեւէ մօտեցում ու ճիգ ոեւէ մէկուն, եւ այս պարագային յատկապէս Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ու իշխանութեան կողմէ։
Արդարեւ, 10 Դեկտեմբեր 1991-ին համաժողովրդային քուէարկութեամբ Արցախը ինքնիշխանութեան իր հաւաքական կամքը արդէն արտայայտած է եւ ապա Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդը 8 Յուլիս 1992-ին վերաշեշտած է Արցախի ինքնիշխանութիւնը։
Միջազգային օրէնքին համաձայն ժողովուրդ մը ինքնորոշման իրաւունք ունի։ Հետեւաբար, Արցախի ժողովուրդի ինքնորոշման արդար իրաւունքը չի կրնար զոհը դառնալ շրջանէն ներս համապարփակ խաղաղութեան հաստատման եւ Ազրպէյճանի հողային ամբողջականութիւնը ճանչնալու փորձերուն։
Հարկ է ըլլալ արթուն, հեռատես ու մանաւանդ՝ միակամ։ Արցախը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան մաս կազմելով ոչ միայն պիտի վտանգուի Արցախի ժողովուրդին ապահովութիւնը, այլ նաեւ Հայաստանի գերիշխանութիւնը ու անվտանգութիւնը։
Մեր պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին, կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն համախմբուելու եւ զօրակցելու Արցախին», - ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի դիվանի հայտարարությունում։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս ՝ հայ բնակչության անվտանգության ապահովման պայմանով: Արցախում անթույլատրելի են համարել Հայաստանի իշխանությունների նման դիրքորոշումը։