Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յոթ երգ գիտի, եւ բոլորը՝ Հայաստանի մասին: Հենց այս կերպ կարելի է վերաձևակերպել ռուսական հայտնի ասացվածքը ՝ Ալիևի կողմից սպառազինության գնման մասով Հայաստանի հասցեին արված այսօրվա հարձակումների ֆոնին։
Ադրբեջանի անփոփոխ առաջնորդն այս անգամ ավելի լավ բան չի մտածել, քան Հայաստանին մեղադրել ռազմականացման մեջ։ "Հայաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարների զենքի գնումը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար։ Այսօր Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը, շարունակվում են տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի սրընթաց սպառազինումը նոր վտանգներ է ստեղծում", - հայտարարել է նա ՝ ընդունելով Բաքվում Հնդկաստանի նոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը ։
"Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչի համար է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում",- հարց է հնչեցրել նա, հավելելով, որ "նման քաղաքականությունը նոր սպառնալիքների կհանգեցնի տարածաշրջանի համար"։ Եվ դա դեռ՝ ոչինչ, եթե Ադրբեջանն այս ընթացքում ակտիվորեն չզինվեր, ընդ որում, ոչ թե միլիոններով, այլ միլիարդներով։
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2023 թվականի համար նախատեսված են 5,32 մլրդ մանաթի (3,1 մլրդ դոլար) չափով։ Դա 235,3 մլն մանաթով (138 մլն դոլար) կամ 4,6 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։
Բացի այդ, այս տարվա սկզբին իսրայելական լրատվամիջոցները հաղորում էին, որ միայն Իսրայելն Ադրբեջանին վաճառել է միլիարդավոր դոլարների զենք և սպառազինություն: Իսրայելը Ադրբեջան է արտահանել զենքի շատ լայն տեսականի ՝ սկսած "Տավոր" ինքնաձիգներից մինչև ամենաբարդ համակարգեր, ինչպիսիք են ռադարները, ՀՕՊ միջոցները, հակատանկային հրթիռները, բալիստիկ հրթիռները, նավերը և անօդաչու թռչող սարքերի լայն տեսականի ՝ ինչպես հետախուզության, այնպես էլ հարձակման համար: Իսրայելական ընկերությունները նաև մատակարարել են առաջադեմ լրտեսական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Verint - ի հաղորդակցության մոնիտորինգի համակարգերը և NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագրերը, գործիքներ, որոնք օգտագործվել են Ադրբեջանում լրագրողների, ԼԳԲՏ համայնքի և իրավապաշտպանների դեմ: Եվ դեռ խոսք չի գնում Թուրքիայի, Ռուսաստանի և այլ երկրների մասին, որտեղից Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն սպառազինություն գնել։
Մինչդեռ, Հայաստանի իշխանությունները մտադիր են 2023 թվականին պաշտպանական ոլորտի վրա ծախսել 517 մլրդ դրամ (1,3 մլրդ դոլար)։
Ուստի, կարդալով հաղորդագրությունն այն մասին, թե Ալիևը վրդովված է, որ Հայաստանը Հնդկաստանից 20 մլրդ ռուփիի (244,7 մլն դոլար) սպառազինության խմբաքանակ կգնի, ակամայից ժպտում ես ու մտաբերում հայտնի ասացվածքն այն մասին, որ սեփական աչքի գերանը չի տեսնում՝ ուրիշի աչքի փուշն է տեսնում։