2015 թվականին առևտրի ֆինանսավորման աճն ակնկալվում է 15-20%: Նման կանխատեսումներով է հանդես եկել HSBC Բանկ Հայասանի առևտրի ֆինասավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: Նա հաղորդել է, որ 2014 թվականին առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալն աճեց 35%, կազմելով 31,8 մլրդ. դրամ: Ընդ որում, 2014 թվականը հաջողակ տարի էր, հատկապես փաստաթղթային ակրեդիտիվների և սարքավորումների ներմուծման առումով:
Իսկ առևտրի ֆինանսավորման ծավալների վրա պատժամիջոցների ազդեցությանը վերաբերող ԱրմԻնֆո գործակալության հարցը Կ. Մարգարյանը մեկնաբանել է հետևյալ կերպ. «2015 թվականին ակնկալվող աճը պետք չէ կապել պատժամիջոցների հետ, մանավանդ, որ թե 2013, և թե 2014 թվականներին, երբ արդեն գործում էին պատժամիջոցները, դրանց ազդեցությունն առևտրի ֆինանսավորման ծավալների վրա աննշան էր: Եթե խոսենք 2015 թվականից, գլոբալ առումով պատժամիջոցները չեն կարող չազդել Հայաստանի վրա, և հաշվի առնելով դա, մենք և մեր հաճախորդները գերադասում ենք գործարքները կատարել այն երկրների հետ, որոնք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառել: Դրանից ելնելով էլ 2015 թվականի համար կանխատեսում եմ կայուն աճ»:
Նա հավելել է, որ HSBC ներկայությունը և գործունեությունը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում, մուտք է ապահովում դեպի առևտրի ֆինանսավորման միջազգային շուկաների 87%-ը: Ընդ որում առևտրի ֆինանսավորման համաշխարհային եկամուտի 10%-ն ընկնում է HSBC Խմբին, իսկ նրա հայկական «դուստրը», ի դեմք HSBC Բանկ Հայասանի, 2015 թվականի մարտի վերջի տվյալներով, ընդգրկել է Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայի եկամուտի մոտ 37%-ը (աղբյուրը` S.W.I.F.T. վիճակագրություն): Այդ եկամուտների աճը 2014-ին, 2013-ի համեմատ կազմել է 51%, ինչն աննախադեպ ֆինանսական արդյունք է HSBC Բանկ Հայաստանի պատմության մեջ:
HSBC Խումբն առևտրի ֆինասավորմամբ է զբաղվում արդեն 1.5 դար (1865 թվականից) և ձգտում է դառնալ այդ ոլորտի միջազգային առաջատարը: HSBC-ի հաճախորդները նման գործարքներ կարող են կնքել ավելի քան 60 երկրներում: Խումբն ունի 6200 գրասենյակ, 5 աշխարհամասերում, ինչը հանդիսանում է HSBC-ի գլխավոր մրցակցային առավելությունն առևտրի ֆինանսավորման ոլորտում: Խումբն ամբողջ աշխարհով մեկ րոպեում իրականացնում է 1 մլն.դոլարի առևտրի գործարք:
Նշենք, որ Բանկի բաժնետերերն են` HSBC Europe BV-ն` 70% բաժնեմասով և Wings Establishment-ը` 30% բաժնեմասով: Բանկի ընդհանուր կապիտալը 2015-ի հունվարի 1-ին կազմել է 47 մլրդ դրամ (3 տեղը շուկայում), տարեկան աճը`13.8%, ակտիվները` 306.6 մլրդ դրամ (4 տեղ), տարեկան աճը`23%: Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները կազմել են ավելի քան 63% կամ 193.8 մլրդ դրամ (5 տեղ), տարեկան աճը`20.5%: Կորպորատիվ վարկավորման ծավալով HSBC Բանկ Հայաստանն զբաղեցնում է 2 տեղը շուկայում` 163 մլրդ դրամ (տարեկան աճը` 24%) կամ վարկային ընդհանուր պերտֆելի ավելի քան 84%: 2014 թվականը բանկը եզրափակել է 6.6 մլրդ դրամ զուտ շահույթով, ամրապնդվելով առաջատարի եռյակում: