Արմինֆո."Կայուն Սյունիք - Եվրոպայի թիմ" (Resilient Syunik team Europe) ծրագրի բյուջեն կրկնապատկվել է։ Այդ մասին Կապանում Եվրոպայի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը։
Մասնավորապես, դիվանագետի հավաստմամբ, այս տարվա հունվարին, երբ Երեւանում հայտարարվել էր այդ ծրագրի մեկնարկի մասին, խոսքը էր գնում 51 մլն եվրո բյուջեի մասին ՝ առաջիկա 5 տարվա համար։ Սակայն գործընկեր երկրների թվի ավելացման հետ մեկտեղ,Վիկտորինի ասելով, այժմ բյուջեն արդեն կազմում է 116 մլն եվրո, որից 40 մլն եվրոն դրամաշնորհային միջոցներ են, իսկ 76 մլն եվրոն' վարկային:
Այս համատեքստում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագրին հետագայում կմիանան նաև ԵՄ անդամ այլ երկրներ, ինչը, համապատասխանաբար, կնպաստի բյուջեի ավելացմանը:
Ծրագրի շրջանակում Եվրոպայի թիմի ուշադրության կենտրոնում են լինելու մասնավոր հատվածի զարգացումը, ՓՄՁ ոլորտի հնարավորություններն ու հմտությունները, կրթության և առողջապահության ոլորտների ենթակառուցվածքներում ներդրումները, ինչպես նաև սոցիալական աջակցությունը, տեղական ինքնակառավարման որակի բարձրացումը և այլն: Այսօր Եվրոպայի թիմում ընդգրկված են ԵՄ 10 երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Ավստրիան, Լիտվան, Էստոնիան, Շվեդիան, ինչպես նաև Շվեյցարիան ՝ որպես արտաքին գործընկեր: