


Արմինֆո.Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի, Ադրբերջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 18-ին կառավարության հերթական նիստում։
«Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ և ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ, կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին, ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը: Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել», - ասել է նա:
Վարչապետն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է համարում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը: «Մենք այս թեման քննարկում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ», - նշել է վարչապետը:
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Արդյունքում՝ վիրավորվել է նաև բուժակը։ Մայիսի 17-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում ստացած զինծառայողը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:



