Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է Հայաստան-Ադրբեջան երկաթուղու ապաշրջափակման հարցում տեղաշարժի մասին:
"Պիտի ընդգծեմ, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ: Միայն կրկին ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա", - հայտարարել է Փաշինյանը՝ մայիսի 18-ին կառավարության հերթական նիստում։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հինգերորդ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելի հայտարարությունում, որը հրապարակվել է Եվրախորհրդի կայքում, հաղորդակցությունների առնչությամբ նշվել է, որ կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում: <Այս թեմայի վերաբերյալ դիրքորոշումները ներկայումս շատ մոտ են միմյանց, մասնավորապես, Նախիջևանի հետ և նրա միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգնման առումով: Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է համաձայնեցնել սկզբունքային համաձայնագիրը երկաթուղային հաղորդակցության բացման պայմանների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների մասին՝ կոնկրետ ժամանակացույցի հետ միասին։ Նրանք նաեւ պայմանավորվել են ստանալ Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունն այդ աշխատանքին աջակցելու հարցում", - հավելել է Եվրախորհրդի ղեկավարը։