Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է RBC-ն, վկայակոչելով Il Messaggero-ն, Իտալիայի Ռեջիո դի Կալաբրիա շրջանի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը 3 տոննա կոկաին Է առգրավել բանանով լի տարաներում, որոնք Հայաստան էին փոխադրվում Էկվադորով եւ Վրաստանով: Նյութը հայտնաբերելու համար օգտագործվել են հատուկ սկաներներ և Ջոել շունը՝ կինոլոգիական ծառայությունից։ Կոկաինն առգրավվել է Ջոյա Տաուրո նավահանգստում։ Թմրանյութը թաքցված է եղել 78 տոննա բանանի մեջ։ Ռեջիո դի Կալաբրիայի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը, ծանոթանալով փաստաթղթերին եւ ստուգելով բեռնափոխադրմանը մասնակցող ընկերությունները, որոշել է երկու արկղերի զննում անցկացնել, որոնցում, ինչպես պարզվել է, կոկաին է եղել: Ինչպես գրում է Il Messaggero - ն, եթե թմրավաճառները կարողանային բեռն անցկացնել, նրանք ավելի քան 800 մլն եվրո կստանային, քանի որ, ինչպես պարզվել է, կոկաինը "չափազանց մաքուր էր եւ իդեալական վիճակում": Թմրանյութի փոխադրման և ոչնչացման համար ներգրավվել են Իտալիայի ֆինգվարդիայի ավելի քան 30 աշխատակիցներ։