


Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի որոշումն աննախադեպ էր այն առումով, որ փաստաթուղթը ներկայացվել է քաղաքական բոլոր ուժերի կողմից փոխհամաձայնության հիմունքով և ընդունվել միաձայն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է այս օրերին այցով Կիպրոսում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՙԲանաձևն ապացուցեց, որ Կիպրոսը հունական ժողովրդավարական արժեքների արժանի ժառանգորդ է՚,- նշել է ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով, Կիպրոսի խորհրդարանի, ինչպես նաև խորհրդարանական շատ կառույցների և Եվրոպական ժողովրդական կուսակցության վերջին որոշումները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր`ավելի ակտիվ փուլ է թևակոխել:
ՙԿարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ այդ և հետագայում ընդունվելիք այլ որոշումների ճնշման ներքո Թուրքիան ստիպված կլինի, վերջիվերջո, հաշտվել սեփական պատմության հետ՚,- ամփոփել է Շարմազանովը:
Նշենք, որ Կիպրոսի խորհրդարանն այսօր միաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ընդունել: Համանման փաստաթղթեր են ընդունվել նաև Շվեյցարիայի և Սլովակիայի կողմից:


