Արմինֆո.Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհվել է զինծառայող
Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.): «ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի առավոտից որոշակի պարբերականությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ականանետահրետանային գնդակոծություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 վիրավոր ։ Մայիսի 12-ին ՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է Սոթքի ուղղությամբ ՝ կիրառելով նաև ԱԹՍ: