Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում համաձայնություն տալ իրենց զինված ուժերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը։
«Այդ բռնությունները (հայ-ադրբեջանական սահմանին) խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղության տանող ճանապարհին: Մենք կոչ ենք անում երկու երկրների առաջնորդներին, երբ նրանք ամսի 14-ին հավաքվեն Բրյուսելում, համաձայնություն տալ սահմանի երկայնքով իրենց զինված ուժերի հետ քաշմանը։ Այդ հարցը քննարկվել է պետքարտուղար Բլինքենի կողմից բանակցությունների ընթացքում, որոնք մենք անցկացրել ենք այստեղ՝ Վաշինգտոնում՝ մայիսի սկզբին», - ասել է Պատելը:
Այն հարցին, թե արդյոք պետքարտուղարը Բրյուսելում կայանալիք հանդիպումը դիտարկում է որպես "վաշինգտոնյան երկխոսության շարունակություն", թե այն համարում է "առանձին ուղղություն", Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը նշել է, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ կազմակերպված երկխոսությունն ամերիկյան կողմը դիտարկում է որպես կարեւոր եւ դրական քայլ, որտեղ երկու երկրները հնարավորություն են ունեցել քննարկել որոշ կարեւոր հարցեր, տեսնել մյուս կողմի տեսակետը: «Մենք հավատում ենք, որ դեռ ճանապարհ կա առաջ շարժվելու համար: Մենք կարծում ենք, որ կա այդ խնդրի խաղաղ լուծում։ Ահա թե ինչու մենք, սկսած պետքարտուղարից, շարունակում ենք այդքան խորությամբ զբաղվել այդ հարցով։ Բայց ես չեմ պատրաստվում առաջ անցնել բուն բանակցություններից", - նշել է Պատելը։
Մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը, որը թերահավատորեն է վերաբերվում Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի լավատեսական գնահատականին, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ "շատ ժամանակ չի ծախսում ռուս գործընկերոջ խոսքերի մասին մտածելու վրա": «Այնուամենայնիվ, ես կարող եմ ասել, քանի որ դա վերաբերում է մի շատ կարևոր հարցի ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, դա մի բան է, որով մենք շարունակելու ենք ակտիվորեն զբաղվել: Մենք հավատում ենք, որ առաջընթացի ճանապարհ կա։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին երկխոսության շարունակման համար", - եզրափակել է Վեդանտ Պատելը:
Հիշեցնենք, որ նախօրեին, առավոտից և օրվա ընթացքում, որոշակի պարբերականությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ականանետահրետանային գնդակոծություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: