Արմինֆո.Ամռան սկզբին Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկում է գինու ավանդական տոնը։ 2017 թվականից Հայաստանում անցկացվող "Երևանի գինու օրեր" փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 2-4-ը, ինչպես միշտ, Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում:
Փառատոնի տաղավարներում ներկայացված կլինի ավելի քան 700 գինի՝ ավելի քան 70 հայկական արտադրողներից: Կազմակերպիչների՝ EventToura ընկերության հաղորդագրության համաձայն, "Երևանի գինու օրեր"-ի տարածքը կբաժանվի գոտիների, մասնավորապես, գինու, գաստրո, երաժշտական գոտիների, գինու և գաստրոնոմիական շոուների գոտու, բարեգործության գոտու և այլն: Սպասվում է վարպետության դասերի անցկացում գինու հայտնի փորձագետների, սոմելյեների և հարակից այլ ոլորտների մասնագետների մասնակցությամբ: Այս տարի փառատոնի շրջանակներում կներկայացվի նոր նախագիծ՝ "Գինիների ցուցահանդես": Գինեգործները բացի «Երևանի գինու օրե» փառատոնային մասից հանդես կգան նաև գինիների մասնագիտացված ցուցահանդեսում:
"Գինիների ցուցահանդեսի" հիմնական նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ գինեգործությանն առնչվող արտադրանք կամ ծառայություններ մատուցող ցանկացած բիզնես կարող է հանդիպել հայ գինեգործների հետ, փոխանակել առաջարկներ և հաստատել փոխշահավետ համագործակցություն: Ցուցահանդեսի տարածքը կզբաղեցնի 600 քառակուսի մետր, որի վրա կտեղադրվեն կոկտեյլի սեղաններ, կարմիր ուղեգորգեր, ինչպես նաև բիզնես բանակցություններ վարելու համար նախատեսված հարթակ: Տաղավարներում ներկայացված կլինեն շուրջ 30 գինեգործական ընկերություններ։ Փառատոնի աշխատանքի ժամերը՝ 16:00-ից 22: 30: Մուտքն ազատ է: