Արմինֆո. Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: