Արմինֆո.Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, եւ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը», - ասվում էր Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:
«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան», - հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն, ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: «Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում», - ասվում է հաղորդագրությունում: