Արմինֆո.Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-գնդապետ Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումներն արդյունք չեն տվել: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - գրել է պետնախարարը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, շրջափակման մեջ է պահում Արցախը։ Ավելին, ապրիլի 23-ին Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վրա թշնամական կողմը հսկիչ անցակետ է տեղադրել։ Թշնամական կողմի գործողությունների արդյունքում Արցախը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության անգործության ֆոնին, ինչն ավելի է խթանում Ալիևի ռեժիմին։