Արմինֆո. Հայաստանն անհավասարակշռություն է դրսեւորում իր հայտարարություններում և քաղաքականությունում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում։
"Որոշ դեպքերում տեսնում ենք դրական հայտարարություն, իսկ հետո ինչ-որ լրիվ հակառակ գործողություն։ Ցավոք, մենք չենք տեսնում մեր ուզած անկեղծությունը։ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցությունն առավելապես բխում է Հայաստանի շահերից", - նշել է թուրք նախարարը։
Այս համատեքստում նա բարձր է գնահատել ավերիչ երկրաշարժի ընթացքում Հայաստանի օգնությունը թուրքական կողմին և այդ ֆոնին ՀՀ արտգործնախարարի այցը Թուրքիա: "Բայց հիմա հուշարձան են կանգնեցրել նրանց, ովքեր սպանել են մեր դիվանագետներին։ Մենք ժեստ ցույց տվեցինք, բացեցինք մեր օդային սահմանը, բայց հիմա փակեցինք ։ Մենք այն փակել ենք նաև ՎԻՊ-ինքնաթիռների, այդ թվում՝ Փաշինյանի ինքնաթիռի համար", - ասել է Չավուշօղլուն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, մայիսի 5-ին "Ազատություն" ռադիոկայանի հարցազրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած այս միջադեպին, հայտարարել է, թե "Նեմեսիս" հուշարձանի հարցում սխալ որոշում է կայացվել, եւ այդ որոշման իրագործումը նույնպես սխալ է եղել: Այս առումով նա հավելել է, որ կառավարությունը չէ, որ որոշում է կայացրել հուշարձանի տեղադրման վերաբերյալ, հավելելով, թե ժողովրդավարության ամենամեծ թերություններից մեկն այն է, որ կառավարության ղեկավարը բոլորին չի վերահսկում: "Այո, դա մեր թիմն է։ Դա տեղի ունեցավ հուզական ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում, և շատերը սպառնում էին շատերին գնդակահարությամբ՝ դավաճանության համար: Կան խորքային խնդիրներ", - ամփոփել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախազգուշացման փակել է իր օդային տարածքը Հայկական Flyone Armenia ավիաընկերության դեպի Եվրոպա չվերթների համար, և ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռն ստիպված վայրէջք է կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը կարողացել է վերադառնալ "Զվարթնոց" օդանավակայան: Իսկ արդեն մայիսի 2-ին Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ավիաընկերությանը Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն չեն տվել։ Այդ պատճառով ընկերությունն ստիպված է եղել չեղարկել Երևան-Փարիզ-Երևան չվերթը։ Այդ առնչությամբ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է երկինքը Հայաստանի ինքնաթիռների համար՝ "ի պատասխան Երևանում տեղի ունեցած սադրանքի"՝ ապրիլի 25-ին "Նեմեսիս" գործողության մասնակիցների հուշարձանի բացման։: