Արմինֆո.Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե որոնք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։
«Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարընթերցումներ կան նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում, և դրանք պահպանվում են: «Հաջորդ կարևորագույն հարցը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ․ ինչպե՞ս պետք է այդ տարընթերցումները լուծվեն։ Դելիմիտացյիայի պրոցեսի հետ կապված խնդիր կա, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի են առնվում և՛ միջազգային մեխանիզմները, և՛ տեղայինը, մասնավորապես, զորքերի և ուժերի դիրքավորման հետ կապված հարցերը՝ ով որտեղ, ինչպես պետք է դիրքավորվի, արդյոք մենք չպետք է ունենանք դելիմիտարիզացված՝ ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են։ Այդ հարցերի շուրջ կարող է լինել որոշակի շարժ, բայց եթե տարբերությունը 1 կմ էր, դարձավ՝ 999 մետր, այո, որոշակի մոտեցանք, բայց ճեղքը շարունակում է մնալ շատ մեծ», - նշել է վարչապետը:
Հարցին, թե Հայաստանը որ տարբերակով է շարժվում, որ Արցախի հարցը առկախվի և ռուս խաղաղապահները գնան, թե՝ որ Արևմուտքը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն․ «Հակառակ դեպքում այդ թեման և օրակարգը Ադրբեջանի կողմից կարող է ուղղակի մոռացության մատնվել»։
Միևնույն ժամանակ, վարչապետը պնդել է, թե Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում, հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։ «Երբեմն կարդում եմ նյութեր, լսում հարցազրույցներ, ուզում եմ հասկանամ՝ մարդիկ էդ ինչի՞ մասին են խոսում։ Եթե ես վարչապետը չլինեի, կմտածեի՝ ինչ-որ բան չգիտեմ», - ասել է Փաշինյանը, հավելելով, թե Արևմուտքից եղել են մոտեցումներ, բայց ոչ տարբերակ՝ թղթի վրա գրված։
«Մոտեցումը բանավոր է, և եթե դա դնենք, թղթի վրա, կարող է պարզվել, որ սխալ ենք հասկացել, էդքան էլ տենց չի։ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է գրավոր առաջարկ, մենք ընդունել ենք, Ադրբեջանը՝ մերժել է։ Մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց», - նշել է վարչապետը։
Ճշգրտող հարցին՝ Սոչիում նման փորձ չեղա՞վ՝ Փաշինյանը կրկնել է իր պատասխանը, որ նման փորձ Մոսկվան այլևս չի արել։