Արմինֆո.Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։
Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հանդիպման արդյունքների վերաբերյալ նշել են, որ նախարարները կարծիքներ են փոխանակել ընթացիկ իրավիճակի շուրջ, դիրքորոշում հայտնել հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերի վերաբերյալ: "Նախարարները և նրանց ուղեկցող պատվիրակության անդամները փոխհամաձայնության են եկել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ, բայց, միևնույն ժամանակ, ընդունել են, որ որոշ առանցքային հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները տարբեր են", - ամփոփել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպման արդյունքների վերաբերյալ նշել են, որ այս շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկկողմ բանակցությունների համար ընդունել է Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին: "Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ հարցերի լուծման գործում: Երկուսն էլ ցույց տվեցին անկեղծ նվիրվածություն հարաբերությունների կարգավորման և իրենց երկու երկրների միջև երկարատև հակամարտության դադարեցման հարցում: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի շուրջ ։ Ես առաջարկեցի նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն կարծիքը, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման առկայության դեպքում համաձայնագիրը հասանելի կլինի: Նրանք կշարունակեն վայելել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու մասնակցությունը կայուն և հաստատուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում", - ասվում է Բլինքենի անունից ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրությունում: