Արմինֆո.Կառավարությունը մայիսի 4-ի նիստում հավանություն է տվել 2002թ. մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Ըստ հիմնավորման՝ արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատժի ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը: Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, ուժի մեջ է մտել 44 պետության համար: Մահապատժի արգելքն` առանց սահմանափակումների, ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ: Բացի այդ, ՀՀ հանձն է առել վերացնել մահապատիժը թե՛ համընդհանուր, թե՛ տարածաշրջանային միջազգային գործիքների միջոցով: ՀՀ-ի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերացումը Եվրոպայի խորհրդի կողմից կգնահատվի կարևորագույն դրական քայլ, լուրջ առաջընթաց երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առումով: