


Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Բերտրանի այցը և օրերս Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:
Կառավարության հաղորդագրության համաձայն, Քսավիե Բերտրանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ ունեն Վայոց ձորի մարզի հետ կապերն ընդլայնելու հստակ ծրագրեր տարբեր ոլորտներում: Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահն իր տպավորություններով է կիսվել Վայոց ձորի մարզ, այդ թվում՝ Ջերմուկ կատարած այցից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հիշեցնենք, որ նախօրեին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանը Ջերմուկում ստորագրել էին համագործակցության մտադրության մասին հայտարարություն: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ ֆրանսիական Իզերը կընդլայնի համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ: Իզեր դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Բարբիեն ընդգծել է Գեղարքունիքի, ինչպես նաև Սևանի և Գորիսի հետ գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, կրթությունը, մշակույթը: Նշվել է, որ ֆրանսիական պատվիրակության ՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվել է Իզերի և Գեղարքունիքի 2023-2027թթ. ապակենտրոնացված համագործակցության մասին համաձայնագիր:



