


Արմինֆո. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայկական ինքնաթիռների համար երկրի օդային տարածքը փակելու պատճառների մասին:
NTV հեռուստաալիքի եթերում Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է երկինքը Հայաստանի ինքնաթիռների համար "ի պատասխան Երևանում տեղի ունեցած սադրանքի"՝ ՀՀ մայրաքաղաքում "Նեմեսիս" գործողության մասնակիցների հուշարձանի բացման։ "Մենք չենք ընդունում նման սադրանքները։ Ի պատասխան ահաբեկիչների հուշարձանի բացման՝ Թուրքիան փակել է երկինքը Հայաստանի ինքնաթիռների համար։ Որպես բացառություն, մենք Հայաստանի խորհրդարանի խոսնակի Թուրքիա այցելելու թույլտվություն ենք տվել։ Նման գործողությունների շարունակման դեպքում կհետևեն նոր քայլեր", - նախազգուշացրել է թուրք նախարարը։
Այնուհետեւ նա Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղ սպառազինություն տեղափոխելու համար։ Ճիշտ է, նա չի պատմել, թե ինչպես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի հետ Արցախի կապն ապահովող միակ ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված է ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից, և անգամ մարդասիրական բեռները լուրջ դժվարություններով են տեղափոխվում ԼՂՀ ։
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն ցինիկաբար հայտարարել է, թե 2020 թվականի աշնանը Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայից հետո, իբր, "Ադրբեջանն ու Թուրքիան անկեղծորեն ցանկանում էին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում"։ Նրա խոսքով՝ "Ադրբեջանը հանդես է եկել խաղաղ նախաձեռնությամբ"։
Նշենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները ս.թ. մայիսի 2-ին FLYONE ARMENIA ավիաընկերությանը Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն չեն տվել։ Այդ պատճառով ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան-Փարիզ-Երևան չվերթը։ Իսկ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախազգուշացման փակել է իր օդային տարածքը Հայկական Flyone Armenia ավիաընկերության դեպի Եվրոպա չվերթների համար, և ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռն ստիպված վայրէջք է կատարել Քիշնևում, և միայն ապրիլի 30-ի գիշերը կարողացել է վերադառնալ "Զվարթնոց"օդանավակայան ։



