Արմինֆո.Հայաստանում քրեորեն պատժելի կդառնան պետության ինքնիշխանության դեմ ուղղված կոչերն ու գործողությունները։ Ազգային ժողովը մայիսի 2-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկում է քրեական օրենսգրքի փոփոխությունները:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, քրեորեն պատժելի են համարվելու բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքի միջոցով հանրապետության ինքնիշխանության լրիվ կամ մասնակի սահմանափակմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերը: Գործող օրենսդրության մեջ նման արարքների համար պատիժ նախատեսված չէ։ Այդ գործողությունների կատարման համար նախատեսված է պատասխանատվության միջոց՝ 10-15 տարի ժամկետով ազատազրկման տեսքով։ Ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի համար նախատեսված են տարբեր տեսակի պատիժներ՝ նվազագույն աշխատավարձի 10- 30-ապատիկի չափով տուգանքից 200-ժամյա հանրային աշխատանքներից, կարճատև կալանքից՝ 2 ամիս ժամկետով, մինչև երեք տարի ազատազրկում։