
Արմինֆո.Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Եռակողմ հանդիպմանը նախորդել են Բլինքենի առանձին հանդիպումները Միրզոյանի և Բայրամովի հետ: Իսկ եռակողմ հանդիպմանը հաջորդել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Հավելենք նաև, որ հանգստյան օրերին ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: "Այսօր ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ՝ աջակցություն հայտնելու Հայաստանի հետ խաղաղության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին և դրան աջակցելու մեր պատրաստակամությունը: Ես վերահաստատեցի ԱՄՆ - ի դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքում պետք է բաց լինի մարդկանց և ապրանքների տեղաշարժը", - Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո։
Մինչեւ բանակցություններն սկսվելը «Թուրան»-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ում Բայրամովի և Միրզոյանի բանակցությունները կարող են տևել մի քանի օր: Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը կմշակեն "կարգավորման ճանապարհային քարտեզ", և եթե Վաշինգտոնի բանակցություններում հաջողվի մշակել խաղաղության "ճանապարհային քարտեզ", ապա Եվրոպան "կավարտի աշխատանքը"՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին "մի քանի շաբաթվա ընթացքում" խաղաղության պայմանագիր կնքելու համար: