Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին:
Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ողջունելով նորանշանակ հրամանատարին, Հարությունյանն ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:
Արցախի նախագահը նշել է, որ ԱՀ իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմից ակնկալում են, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:
Նշենք, որ Լենցովը ՌԽԶ գլխավորել է ապրիլի 25-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով գեներալ-մայոր Վոլկովին: Հրամանատարների փոփոխությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Բերձորի/Լաչինի միջանցքում ՌԽԶ-ի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ֆոնին։