Արմինֆո.Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է դարձել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, որն այդ պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովին։
Վերջինս պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմն ապօրինի կերպով հսկիչ - անցագրային կետ է տեղադրել Բերձորի/Լաչինի միջանցքում՝ ՌԽԶ-ի պատասխանատվության գոտում։
Գեներալ Լենցովը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, իսկ մինչև 2020 թվականը ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն էր: Մասնակցել է Աֆղանստանում մարտական գործողություններին. սկսելով վաշտի հրամանատարից ՝ ճանապարհ է անցել մինչև 234-րդ պարաշյուտադեսանտային գնդի հրամանատար: Հարավսլավիայում եղել է Բոսնիայում ռուս խաղաղապահների ստորաբաժանման հրամանատար։ Բացի այդ, նա մասնակցել է երկու չեչենական պատերազմներին, ինչպես նաև 2008թ. Հարավային Օսիայում և 2014-2015 թվականներին Ուկրաինայում ռազմական գործողություններին: Իսկ 2016 թվին զբաղեցրել է Սիրիայում ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այժմ ռուսական գեներալիտետի կողմից Լեռնային Ղարաբաղում է գտնվում ինչպես բանակցող Լենցովը, այնպես էլ ՀՌԳ գոտում ռուսական զորքերի V խմբավորման նախկին հրամանատար գեներալ Մուրադովը: