Արմինֆո. Լուրջ մտահոգություն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Բերձորի / Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Այդ մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունում։
Եվրախորհրդարանականներն ընդգծել են, որ Ադրբեջանի այս գործողությունները կարող են ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտարկվել որպես նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաեւ անհարգալից վերաբերմունքի ակտ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2020 թվականի փետրվարի 22-ի պարտադիր ուժ ունեցող որոշման նկատմամբ, որով Ադրբեջանին հանձնարարվում է "ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունն ապահովելու համար՝ երկու ուղղությամբ"։
"Հիշեցնենք, որ միջանցքի ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ինչն, իր հերթին, հումանիտար դժվարություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և զգալիորեն խաթարում խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը։ Մենք Բաքվին կոչ ենք անում անհապաղ փոխել ընթացքը և պարտավորություններ ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային պարտավորությունների ու նորմերի պահպանման ուղղությամբ: Եվրամիությունը նախկինի պես պատրաստ է օգնել կողմերին բանակցությունների միջոցով լուծել իրենց բոլոր տարաձայնությունները", - ընդգծվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի (Բերձոր)- Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղադրելու մասին: Ընդ որում, որպես անցակետի տեղադրման պատճառ թշնամական կողմի սահմանապահ ծառայությունը ներկայացրել է հերթական կեղծ փաստարկը, իբր, Հայաստանից Արցախ կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի տեղափոխումը կանխելու նպատակով: Միջանցքում անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին ։
Ադրբեջանական կողմը նաև նշել է, որ այս փաստի մասին տեղեկացված են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: ՀՀ ԱԳՆ-ն անցակետի սահմանումը որակել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Ի պատասխան ՝ Բաքվում անցակետի հաստատումը "լեգիտիմ քայլ"են անվանել։