Արմինֆո. Ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58-ին բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այդ մասին հաղորդել է Սյունիքի մարզպետարանը, հավելելով, որ ինքնաթիռը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:
«Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին։ Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին», - ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրի համաձայն, օդանավի վայրէջքը դիմավորելու և իրականացրած հետագա մի քանի փորձնական թռիչքը դիտարկելու էին եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմը, պետական և ուժային կառույցների ներկայացուցիչներ։ «Դիմավորելով օդանավի անձնակազմին՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ու շնորհավորել նրանց բարեհաջող առաջին թռիչքի կապակցությամբ», - նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ դեռևս 2021 թվականի վերջին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանը հաղորդել էր, որ Կապանի <Սյունիք> օդանավակայանը լիովին պատրաստ է ավիաչվերթներ իրականացնելու համար: <Բոլոր անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են: Իսկ անցյալ տարվա նոյեմբերին Քաղավիացիայի կոմիտեն օդանավակայանը հավաստագրել է միջազգային չափանիշներին համապատասխան", - նշել էր նա։ Սարուխանյանը նաև տեղեկացրել էր, որ այս փուլում որոշում է կայացվել Երևան-Կապան-Երևան ուղղությամբ ներքին չվերթներ իրականացնել չեխական արտադրության 19 տեղանոց ինքնաթիռով: Այն հարցին, թե արդյոք ակնկալվում է ավելի մեծ օդանավերի օգտագործում տվյալ չվերթի պահանջարկի մեծացմանը զուգընթաց, վարչության ղեկավարը նշել էր, որ դա բավականին բարդ կլինի ՝ հաշվի առնելով տվյալ տեղանքի ռելիեֆը եւ սահմանի հետ հարեւանությունը: Այս համատեքստում նա տեղեկացրել էր, որ օդանավակայանն ունի 2 կայանատեղ՝ ինքնաթիռների, և 1 - ը ՝ ուղղաթիռի համար ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան հաղորդել էր, որ Երևան-Կապան-Երևան ուղղությամբ ներքին ավիաչվերթները կգործարկվեն 2022 թվականի հունվարի 20-ից ՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Չվերթները նախատեսվում էր իրականացնել NovAir ավիաընկերության կողմից ։
2021թ. նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց 49.5 մլն դրամ ուղղել Կապանի <Սյունիք>օդանավակայանի ընդհանուր գործառնական ծախսերին, հարկերին, աշխատավարձերին: Հիշեցնենք, որ Երևան-Կապան - Երևան ուղղությամբ ներքին ավիաչվերթների գործարկման մասին հայտարարվել էր դեռևս 2018 թվականի մարտին: