Արմինֆո. Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսությունում տիրող իրադրության առնչութթյամբ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ-ում ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում են հրադադարի ռեժիմի խախտումների և տարատեսակ միջադեպերի թվի աճ, որոնց արդյունքում երկու կողմից էլ պարբերաբար զոհեր են լինում:
"Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության բարձր աստիճանը։ Ապրիլի 23 - ի իրադարձությունների վերջին զարգացումների համատեքստում հատուկ նշում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը՝ խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությանը կամ այն խաղաղ օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերին", - ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Միևնույն ժամանակ, պաշտոնական Մոսկվան կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալ եղած անավորվածություններին: "Ելնում ենք այն բանից, որ, ամեն դեպքում, չպետք է տուժի տեղի բնակչությունը, և նրա կենսագործունեության համար ոչ մի խոչընդոտ չպետք է ստեղծվի։ Կարծում ենք, որ առաջացած շատ խնդիրներ հետևանք են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղիների շուրջ բանակցային գործընթացում ամիսներ տևած պարապուրդի և առաջընթացի բացակայության, այդ թվում ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման: Ակնկալում ենք, որ Բաքվում և Երևանում քաղաքական կամք կդրսևորեն և կկարողանան մոտ ժամանակներս հաղթահարել այդ բացասական դինամիկան։
Ռուսական կողմը պատրաստ է իրեն մոտ Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ "գետնի վրա"՝ ՌԽԶ հրամանատարության մասնակցությամբ։
Նաեւ նախազգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և նրանց կոնյունկտուրային օրակարգով աշխատող լոկալ ռուսատյաց տարրերին՝ իրավիճակն անկայունացնելու փորձերից, այդ թվում ՝ Ռուսաստանի հասցեին սևացնող արշավի միջոցով", - ամփոփել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նշենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր) - Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղադրելու մասին: Ընդ որում, որպես անցակետի տեղադրման պատճառ թշնամական կողմի սահմանապահ ծառայությունը ներկայացրել է հերթական կեղծ փաստարկը, իբր, Հայաստանից Արցախ կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի փոխադրումը կանխելու նպատակով: Միջանցքում անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին։