


Արմինֆո. Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ-ը, մենք մտահոգություն ենք հայտնել Ադրբեջանի կողմից անցակետ ստեղծելու կապակցությամբ, քանի որ դա խաթարում է խաղաղության գործընթացը: Այդ մասին ապրիլի 24-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ այս պահին ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի կողմերի միջև բանակցությունները շարունակվեն, և պատրաստ է աջակցել այդ գործընթացին:
Անդրադառնալով առաջնագծում ադրբեջանական սադրանքներին և զինծառայողների զոհվելուն՝ Քվինը նշել է, որ բռնության ցանկացած կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը: "Մենք փորձում ենք առաջ շարժվել, փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար", - ասել է նա:
Ճշգրտող հարցին, թե արդյոք կարելի է ցեղասպանություն որակել այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ, դիվանագետն ընդգծել է, որ իր իրավասության տակ չէ ցեղասպանություն որակել այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և Արցախում:
Անդրադառնալով Ադրբեջանի դեմ որպես զսպող մեխանիզմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը՝ դիվանագետը, մասնավորապես, ասել է. "ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի սահմանել, և ես չեմ կարող ասել, թե մենք ինչ ենք անելու ապագայում":


