Արմինֆո.Ապրիլի 24-ի նախօրեին Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ի շարունակություն հայ ժողովրդի ցեղասպանության ծրագրի, անցակետ է տեղադրել Բերձորի/Լաչինի միջանցքում, որը շրջափակման մեջ է գտնվում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ բնապահպանական բողոքների պատրվակով, որոնք սահմանափակել են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Այդ մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ։
"Նոր ցեղասպանության սպառնալիքն ակնհայտ է, և այդ ֆոնին Ադրբեջանին ցանկացած օգնություն պետք է դադարեցվի, իսկ սպառազինության էմբարգոյի 907-րդ ուղղումից հրաժարումը պետք է չեղարկվի։ Բացի այդ, Ալիևն ու մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն պատժամիջոցների միջոցով։ Ի վերջո, ԱՄՆ-ը պետք է ուղղակի օգնություն ցուցաբերի Արցախին և ավելացնի ռազմական օգնությունը Հայաստանին՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար", - ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ:
Նշենք, որ ապրիլի 23-ի ցերեկը Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր) - Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղադրելու մասին: Ընդ որում, որպես անցակետի տեղադրման պատճառ թշնամական կողմի սահմանապահ ծառայությունը ներկայացրել է հերթական կեղծ փաստարկը, իբր, "Հայաստանից Արցախ կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ ռազմական տեխնիկայի տեղափոխումը կանխելու նպատակով":