Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևը հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը և փորձում են հայկական կողմին հրահրել պատասխան գործողությունների: Այդպես է նա մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարություններն այն մասին, թե Բաքվին և Անկարային դուր չեն գալիս 2020 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները:
Մատվեյչևի այդ խոսքերն անհամարժեք արձագանք են հարուցել Բաքվում։ Բանը հասել է նրան, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ։ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունում Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին "Եդինայա Ռոսիա" կուսակցության պատգամավորի հայտարարություններն անվանել են անընդունելի, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը եւ "հայ հասարակության շրջանում ռեւանշիստական ուժերի հրահրմանը՝ վերակենդանացնելու անցյալում մնացած հակամարտությունը": "Կառավարող կուսակցության ներկայացուցչի նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա, որն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ջանքեր է գործադրում ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Օլեգ Մատվեյչևը չի կարող տեղյակ չլինել 2022 թվականի փետրվարին երկու երկրների միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագրի և այն մասին, որ նման հայտարարությունները խախտում են դրա դրույթները։ Կաառավարող կուսակցության պատգամավորը պետք է պատասխանատվություն դրսևորի և իր արտահայտություններում հավատարիմ մնա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը", - նշված է նոտայում։
Բաքվի այդ հիստերիան ստեղծված իրողություններում, առնվազն, տարակուսանք է հարուցում։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամեն օր հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ և սպառնում է ուժով հասնել Հայաստանից խաղաղության պայմանագրի։
Ավելին, նա բազմիցս տարածքային նկրտումներ է հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքների, այդ թվում ՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Նման պայմաններում այդ հիստերիան, առնվազն, ժպիտ է առաջացնում։