Արմինֆո.2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել։ Այդ մասին ապրիլի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույցը։
Աշոտ Մելիքյանը ներկայացրել է լավ ու վատ լուր՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության բացակայությունը դասելով լավ լուրի շարքին: Ինչպես նշել է փորձագետը, դա հազվադեպ փաստ է եւ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ ս.թ. առաջին երեք ամիսներին երկրում հասարակական - քաղաքական կյանքը լարված չի եղել։ Նախորդ ժամանակաշրջանների փորձը ցույց է տալիս, որ հասարակական-քաղաքական կյանքի սրման դեպքում լրագրողների գործունեությունը բարդանում է, և նրանք ենթարկվում են ճնշումների:
Ինչ վերաբերում է վատ լուրին, ապա, ինչպես նշել է կոմիտեի ղեկավարը, այն կապված է տեղեկատվության տրամադրումը եւ տարածումը մերժելու բազմաթիվ դեպքերի հետ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 49 նման դեպք ։ 2020 թվականից մինչ օրս նման թվով այդպիսի դեպքեր երբեք չեն եղել։ Դա, ըստ Աշոտ Մելիքյանի, նշանակում է, որ իրավասու կառույցները կամ չեն պատասխանում ԶԼՄ-ների հարցումներին, կամ պատասխանում են անորոշ՝ ընդսմին խեղաթյուրելով հարցումների էությունը։ Հաճախ որպես տեղեկատվության տրամադրումը մերժելու առիթ նշվում են առևտրային և պետական գաղտնիքը: Մելիքյանը տեսնում է այդ փաստի ուղիղ կապ կոռուպցիայի աճի հետ։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպությունը տարեսկզբին արձանագրել է Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակի վատթարացում: Կոռուպցիայի ընկալման տեսանկյունից Հայաստանը համաշխարհային վարկանիշում 58-րդ տեղից նահանջել է 63-րդ հորիզոնական: Մինչդեռ, ինչպես ընդգծել է փորձագետը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն, առաջին հերթին, որոշվում է տեղեկատվության տրամադրմամբ: