Արմինֆո. Ապրիլի 21-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց շարունակվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատների և մտերիմների ակցիան:
Փորձելով ուշադրություն հրավիրել իրենց հուզող խնդիրների վրա՝ նրանք փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհներից մեկը։ Զինծառայողների ծնողները պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան, պատասխանեն իրենց հարցերին և պարզաբանումներ տան իրենց որդիների մահվան հանգամանքների վերաբերյալ:
Հարկ է նշել, որ Ազատում զոհված զինծառայողների հարազատները նույն պահանջով փակել էին Երևան-Սևան մայրուղին:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերն Ազատ գյուղի տարածքում գտնվող ինժեներասակրավորային վաշտի զորանոցում հրդեհի արդյունքում զոհվել էր 15 զինծառայող։ Քննչական կոմիտեի տվյալներով ՝ հրդեհի պատճառը եղել է ջեռուցման համար ավտոբենզինի օգտագործումը ։ Պաշտոններից ազատվել են զորամիավորման յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՝ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, կորպուսի թիկունքի շտաբի պետը, մարտական հերթապահության գծով հրամանատարի տեղակալը, ինժեներական ծառայության պետը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը և ՀՀ ԶՈՒ թիկունքային ապահովման հակահրդեհային անվտանգության պետը: