Արմինֆո.Ալմա-Աթայի հռչակագիրը երբեք չի դիտարկվել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Արցախի կարգավիճակի որոշման քաղաքական և իրավական հիմք:
Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը "Արցախպրես" լրատվական գործակալության հետ հարցազրույցում, անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պնդմանը, թե՝ համաձայն 1991 թ․Ալմա-Աթայի հռչակագրի, միութենական հանրապետությունների միջև սահմանները համարվում են պետական և, հետևաբար, Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։
«Նախ, պետք է նշել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը երբեք չի դիտարկվել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Արցախի կարգավիճակի որոշման քաղաքական և իրավական հիմք։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մինչ հռչակագրի ընդունումը, Ռուսաստանի և Ղազախստանի միջնորդությամբ Ժելեզնովոդսկի գործընթացի շրջանակներում արդեն մի քանի ամիս ընթանում էին բանակցություններ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Համապատասխան հռչակագրի ստորագրումից հետո հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվել է Ռուսաստանի, ԱՊՀ, ԵԱՀԽ/ԵԱՀԿ միջնորդությամբ։ Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդները մշակել են կարգավորման հիմնարար սկզբունքներ և տարրեր, որոնց համաձայն Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Այսպիսով, ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և առաջարկվեց մեխանիզմ դրա իրացման համար։ Այսպես, հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը և միջազգային միջնորդները կարգավորման հիմնարար սկզբունքները մշակելիս չեն առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով։
Ավելին, Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներով ու սկզբունքներով, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ համընդհանուր նորմերով։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ ինքնորոշման իրավունքը։
Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության վարման դեպքերում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակայում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Տվյալ բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, ինչպես նաև ամրագրված է տարբեր երկրների դատական պրակտիկայում», - ընդգծել է Արցախի արտգործնախարարը։