Արմինֆո. Հայաստանում աճել է թմրանյութերից կախվածության բուժման համար դիմողների թիվը: Այդ մասին ապրիլի 19-ին ԱԺ-ում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Ընդ որում, նախարարը դժվարացել է երկրում թմրամոլների թվի առումով ինչ-որ ցուցանիշներ նշել։
Նա նշել է, որ դիմումների թվի աճը կապված է նաեւ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի վերակառուցման հետ, որը հարմարավետ վայր է դարձել խորհրդատվություն եւ բուժում ստանալու համար: Նախկինում, ըստ Ավանեսյանի, ոչ ոք չէր ցանկանում այդ կենտրոնում որևէ ծառայություն ստանալ։
Խոսելով թմրանյութերից կախվածության դեմ պայքարի մասին՝ նախարարը պատմել է ՀՀ վարչապետի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին, որում ընդգրկված են մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և այլն: Հանձնաժողովը, ինչպես նշել է Ավանեսյանը, մշակում է թմրամոլության դեմ պայքարի ռազմավարական միջոցառումներ , որոնք վերանայվում են 3 տարին մեկ:
Նշելով, որ այսօր երիտասարդների շրջանում թմրամիջոցների տարածումը հեշտացվել է՝ սոցիալական ցանցերի շնորհիվ, նա ընդգծել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքը բավարար չէ: Այդ համատեքստում Ավանեսյանը հայտարարել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ուսումնական հաստատություններում դաստիարակչական գործընթացներին, այդ թվում՝ ցանկացած կախվածության կործանարար դերի մասին երեխաների իրազեկվածության բարձրացման առումով։
Միաժամանակ, առողջապահության նախարարն ընդգծել է, որ թմրամիջոցների շրջանառության հարցում պետության կոշտ քաղաքականությունը պետք է շարունակական բնույթ կրի: Ավանեսյանը նաև նշել է, որ այս աղետի դեմ հնարավոր է պայքարել միայն պետության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով:
Հիշեցնենք, որ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տվյալների համաձայն, 2022 թվականի սկզբի դրությամբ Հայաստանում գրանցվել է թմրամիջոց օգտագործող 7 570 անձ, ինչը 6,6%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։